Polymetal International plc ռուսական ընկերությունը համաձայնագիր է կնքել Chaarat Gold Holdings Limited (AIM:CGH) ընկերության հետ Կապանի ոսկու հանքը 55 մլն դոլարով (հանքային պաշարների ոսկու համարժեքի մեկ ունցիայի համար 99 դոլարով) վաճառելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է ընկերության կայքում:

Polymetal International ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի ձեռներեցներ Ալեքսանդր Ներսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ գործարար Պյոտր Քելներին:

«Կապանի վաճառքը դա ընկերության ակտիվների ծավալների կրճատմանն ուղղված քայլ է՝ մեծ երկարաժամկետ նախագծերի վրա կենտրոնանալու նպատակով: Գործարքը շահավետ է, այն կհանգեցնի ծախսերի կրճատման և պարտքային բեռի թեթևացման: Polymetal-ի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կապանի թիմին նվիրյալ աշխատանքի համար և ամենայն բարիք մաղթել»,- հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ գումարը վճարվելու է դրամական միջոցներով գործարքն ավարտին հասցնելուց անմիջապես հետո, իսկ Chaarat Gold ընկերությունը կկարողանա այդ գումարից մինչև 5 միլիոն դոլարը վճարել Chaarat-ի պարտատոմսերով՝ 2021թ-ին մարելու պայմանով:

Ակնկալվում է, որ գործարքն ավարտին կհասցվի 2019թ-ի առաջին եռամսյակում, սակայն փետրվարի 15-ից ոչ ուշ: Նշվում է, որ նշված ժամկետում գործարքն ավարտին չհասցնելու դեպքում Polymetal-ը 10 մլն դոլար կստանա: Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով:

Chaarat Gold օֆշորային ընկերությունն (գրանցված է իտալական Վիրգինյան կղզիներում) օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է բազմամետաղ հանք գնել ԱՊՀ-ում $75 միլիոնով և գործարքը կարող է ավարտին հասցվել արդեն նոյեմբերի սկզբին:

Ավելի վաղ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական Dundee Precious Metals ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով 2013թ-ին ՊԵԿ-ի կողմից ընկերությանը $10 մլն-ով տուգանելու պատմության վրա:

Ըստ Ջաբրայանի՝ 2013-ին ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ընկերության կողմից շահագործվող Կապանի հանքավայրում, որից հետո՝ 2014 թվականին տուգանել է ընկերությանը $10 մլն-ով: Որոշումը համարելով անհիմն՝ նա մի քանի անգամ դիմել է այն ժամանակ ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ այնուհետև հարցը բարձրացրել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: