Դատարանը որոշել է բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել 2008-ի Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանի որոշումն անհիմն է որակել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Կալանքի որոշումը կայացված է, մեզ նույնիսկ չեն տրամադրել որոշման օրինակը, ինչը պարտավոր էին կատարել հենց հրապարակումից հետո: Որոշումը կտրամադրեն մի քանի ժամ հետո, սակայն, ներկայացված միջնորդության հիման վրա որևէ հիմք չկար Վահագն Հարությունյանին կալանավորելու։ Նշում էին, որ Վահագն Հարությունը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, այդ պարագայում բացարձակապես հիմնավորված չէ միջնորդությունը, որովհետև այն անձն, ում ասում էին, որ կարող է թաքնվել, ինքն անձամբ է՝ որևէ պարտականություն չունենալով, զանգում քննչական մարմնին, զրուցում քննիչների հետ, հայտնում իր բնակության վայրը, հեռախոսի համարները, ու էս պարագայում անձի նկատմամբ հայտարարում են հետախուզում և միջնորդություն են ներկայացնում կալանավորումը որպեսզ խափանման միջոց կիրառելու մասին», - ասել է փաստաբանը։

Հետախուզում հայտարարելու մասին որոշումը ևս «ապօրինի և անհիմն» որակելով՝ Պողոսյանն ասել է որ այն արդեն բողոքարկել են Գլխավոր դատախազին։ «Իր խոսքը պետք է ասի Գլխավոր դատախազությունը, հակառակ պարագայում մենք զրկված ենք լինելու երբևէ արդար դատաքննություն ունենալու հնարավորությունից», - ասել է փաստաբանը։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011թ-ին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008թ-ի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Վահագն Հարությունյանն «անհիմն, ապօրինի, շինծու» է որակում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա նաև ապօրինի է համարում իր նկատմամբ հայտարարված հետախուզումը: