«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանության, Երևանում նորաբաց Գյոթե կենտրոնի, Հայաստանի հանրապետության Մշակույթի նախարարության, գերմանական Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի և քաղաքապետարանի հետ համագործակցությամբ 2018թ.-ի հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացնում է գերմանացի արվեստագետ Հերբերտ Մայերի «Տեսողական գրադարան» լայնածավալ նախագծի շուրջ 500 ջրանկար ընդգրկող «Ով ենք մենք» անվանումը կրող ցուցահանդեսը։

«Տեսողական գրադարան» նախագիծը կազմված է հանրագիտարանային սկզբունքով: Այն պատկերում է քաղաքակրթությունների մշակութային պատմության ձևագոյացության հնարավորությունները։

Գերմանացի արվեստագետ Հերբերթ Մայերն իր լայնածավալ նախագծում ամբողջ աշխարհից և բոլոր ժամանակներից հավաքագրում և ի մի է բերում մարդկանց դիմանկարներ, մարդկային ֆիգուրներ: Ցուցադրված ջրանկարների լայն ընտրանին անդրադարձ է նախապատմական շրջանից մինչև մեր օրեր՝ 40.000 տարեկան «Առյուծ մարդ» կերպարից մինչև «Դելփյան կառապան»-ը, Վերմեյերի «Մարգարտե ականջօղով աղջիկ»-ը գեղանկարից մինչև Բիբի Այշա անունով երիտասարդ աֆղանուհին, որի խեղված դեմքով լուսանկարը հանրային քննարկման առարկա դարձրեց միաժամանակ և կնոջ կարգավիճակը, լուսանկարն ինքնին և պատերազմի թեման: