ԵԼՔ դաշինքը կազմալուծվել է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միայնակ է մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում ԵԼՔ կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն հայ ժողովրդի նորագույն պատմության, այլև ԵԼՔ դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները, առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում, որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ «Լուսավոր Հայաստանն» իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։

Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում ԵԼՔ դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ։