Դեռ 3 ամիս առաջ նախագահ Թրամփը սպառնում էր պատժամիջոցներ կիրառել, որոնք Թուրքիայի տնտեսությանը մեծ վնաս կհասցնեին, իսկ երկուշաբթի Թուրքիան հայտնվեց այն 8 երկրների ցուցակում, որոնք կազատվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքներից: Այս մասին Bloomberg-ում գրում է ամերիկացի լրագրող Էլի Լեյքը:

Նա հիշեցնում է մի քանի կարևոր դեպքեր, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել: Նախ` անցյալ ամիս Թուրքիան վերջապես բաց է թողել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որը մեղադրվում էր Էրդողանի դեմ հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Էրդողանի կառավարությունը վերջին մի ամսում մանրամասներ է հայտնել Խաշոգջիի սպանության մասին, սակայն հանցանքի ձայնագրությունը դեռևս չի հրապարակվել:

Բացի այդ` Էրդողանը մեղմացրել է իր հակաամերիկյան հռետորաբանությունը: Լեյքը նշում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը ասել է, որ Էրդողանն առաջ կտրական էր տրամադրված իրանյան պատժամիջոցների նկատմամբ: Սակայն այժմ փոխվել է: Թուրքերը դեռևս շարունակում են գնել իրանական նավթը, բայց անհամեմատ փոքր ծավալներով:

Լեյքը նկատում է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը ևս փոխվել է, և խոսքը միայն Իրանի պատժամիջոցներից զերծ պահելը չէ. ԱՄՆ գանձապետարանն անցյալ շաբաթ հանել է Բրանսոնի կալանքի պատճառով թուրք պաշտոնյաների դեմ սահմանած պատժամիջոցները: Ինչպես հեղինակին երկուշաբթի թուրք պաշտոնյաներից մեկն ասել է, թուրք-ամերիկյան հարաբերություններն այժմ նորմալ են, և այդպես էլ պետք է լիներ, իսկ մինչ այդ տեղի ունեցածը անոմալիա էր:

Սակայն, հեղինակի համոզմամբ, դեռևս շատ հարցեր կան թուրք-ամերիկյան հարաբերություններում: Դրանցից մեկը ՆԱՍԱ-ի թուրք-ամերիկացի գիտնական Սերկան Գոլջի դեպքն է, որը նույնպես կալանավորվել է 2016թ-ի հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով: Բրանսոնն ազատ է, սակայն Գոլջը եւ Ստամբուլի ամերիկյան դեսպանատան երկու թուրք աշխատակիցներ դեռեւս անազատության մեջ են:

Մյուս հանգամանքը Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ դաշինքի հակառակորդը Ռուսաստանն է համարվում: Թուրքերը նաև Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ են պայքարում:

Լեյքը կարծում է, որ Թրամփը գուցե և պատրաստվում է անդրադառնալ S-400-ների, Գոլջի, Սիրիայի և այլ հարցերին: Սակայն առայժմ գովաբանվում է Էրդողանին՝ ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու համար, մինչդեռ Բրանսոնը ընդհանրապես չպետք է հայտնվեր բանտում, ինչպես նաեւ Խաշոգջիի սպանությունը դատապարտելու համար, մինչդեռ նման բան չպետք է թույլ տրվեր: