Արցախի պատմության մեջ առաջին անգամ երկրի պետական բյուջեն պրոֆիցիտ (երբ եկամուտները գերազանցում են ծախսերը՝ խմբ.) կունենա: «Արցախպրեսի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Այն կազմել է 1,3 մլրդ դրամ, ինչն աննախադեպ է Արցախի համար:

«Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ մոտ 1.6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ», - հավելել է Հարությունյանը:

Նա նշել է նաև, որ սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019թ-ի հունիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից: