Հայաստանի քաղաքական դաշտում միակ փորձառու ուժը Հանրապետականն է, հետևաբար միայն նա կարող է լինել ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Ինչքան ժողովուրդը ձայն տա, այնքան էլ կլինենք Ազգային ժողովում։ Եթե 5 հոգի էլ լինենք, այնքան հմուտ է Հանրապետականը, որ կարող է այն խնդիրները, որ իր առջև դրված են, բարձրացնի Ազգային ժողովում»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Գալուստ Սահակյանը չհամաձայնվեց այն որակման հետ, թե 22 անձ լքել է ՀՀԿ խորհուրդը.

«Նրանք չեն լքում, սա մի իրողություն է, որ տարբեր առիթներով ճնշումներ են գործադրվում մեր պատգամավորների վրա։ Նրանք, ովքեր քաղաքական գործիչներ են, շարունակում են լինել Հանրապետականում։ Ես կուզենայի, որ մեր ազգն անընդհատ իշխանություններ ունենա»։