Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր Երևանի ավագանու նիստից առաջ անդրադարձավ երեկ Նոր Նորք համայնքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված ապօրինի շինությանը՝ հայտարարելով, որ բազմիցս տվյալ անձանց զգուշացրել են վերջ տալ ապօրինի շինարարությանը, սակայն ապարդյուն:

«Վատն այն է՝ երբ ասվում է՝ վերջ ապօրինի շինարարությանը, ապա դա հեռուստատեսային ծրագիր չէ, շոու չէ: Մի՛ արեք: Այն, ինչ ապօրինի կերպով մինչ օրս կառուցվել է, ուրիշ խնդիր է, ես պատասխանատու եմ այն օրիվանից սկսած, երբ ստանձնել եմ այս գործը»,- շեշտեց Արթուր Մեսչյանը:

Երևանի գլխավոր ճարտարապետը ապօրինի շինարարությունների համար մեղադրեց ոչ թե քաղաքացիներին, այլ նախկին իշխանություններին: