ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» միջազգային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Հիմնավորման մեջ նշված է, որ 2017թ-ի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:

Ի տարբերություն ՄԱԿ-ի՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի հետ ՀՀ համագործակցությունը դրվելու է ավելի ամուր հիմքերի վրա, քանի որ գործելու է համապատասխան համաձայնագիր և բյուրոյում ՀՀ-ն ներկայացված է լինելու իր ներկայացուցչով:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնելու մասով: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնող լիազոր մարմնի հետ մեկտեղ, որի գործառույթները ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունների անցկացումից բացի ընդգրկում է նաև թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում, Հայաստանի Հանրապետությունը քննությունների անցկացման մասով անդամակցի տվյալ գործառույթներով զբաղվող միջազգային հեղինակություն ունեցող տարածաշրջանային մարմնին՝ բյուրոյին»,- նշված է հիմնավորման մեջ:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակումը, ներդնումը և շարունակական բարելավումը: Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը թույլ է տալիս բացահայտել իրադարձության պատճառները և ձեռնարկել միջոցներ՝ դրանք ապագայում կանխելու նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով թռիչքային անվտանգության մակարդակը:

Այսպիսով, ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովելու ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը: