ՀՀ պաշտպանության նախկին նախարր, ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում է ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն

Ռազմավարական դաշնակցային հարաբերությույններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազամակերպությունում»,- ասվում է գրառման մեջ:

Սարգսյանը նշել է, որ հաջողության բանաձևը գիտելիքն է, չափվածությունը, հետևողական աշխատանքը, հմուտ թիմը՝ հավելելով, որ միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ:

«Իրական մտադրություններն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:

Շարունակելու ենք աշխատել ի նպաստ հավասարակշռված և Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»,- ասվում է գրառման մեջ: