ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն Արփինե Հովհաննիսյանը հորդորել է լոռեցիներին ռեյտինգային ընտրակարգով ընտրել ոչ թե իրեն, այլ իր թիմակից Էդուարդ Շարմազանովին՝ նշելով, որ իր գործընկեր Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու:

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միևնույն ժամանակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ:

Կլինեմ անկեղծ: Մենք անցկացնելու ենք առավելագույնս ակտիվ քարոզարշավ, և ես շատ կցանկայի այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ` ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջարկները: Բայց ևայնպես, համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա: Անշուշտ, հնարավորություններիս առավելագույնի չափով կանեմ ձեր առջև ներկայանելու և ձեզ ներկայացնելու մեր ծրագրերն ու առաջարկները, բայց խնդրում եմ ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով: Այսօր առաջին օրն է, որ ես հնարավորություն ունեմ մեկնել Լոռի։ Ու կրկին պետք է վերադառնամ Երևան: Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին»,- ասվում է գրառման մեջ: