Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ոչ էական է, քանի որ կան շատ ավելի էական հարցերը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և նույնսիկ ոչ էական հարց է։ Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը»,-Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ոչ թե վատթարացրել է որևէ մեկի հետ իր հարաբերությունները, այլ արձանագրել է «այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, ինչը ժառանգել է այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում։

«Մենք, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ-ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները դաշնակիցների առաջ և դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ։ Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար: Եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է և մեզ համար ստեղծելու են ավելի ու ավելի շատ խնդիրներ», - նշել է Փաշինյանը։