Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով ԱԺ ներկայացրած միջնորդությանը և հաշվի առնելով բազմաթիվ հարցումները, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը:

108 հոդվածը սահմանում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը: Նշվում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե»,- ասվում է գրառման մեջ:

Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

«Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է անհապաղ»,- ասվում է գրառման մեջ: