«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությունյանը Կապանում՝ Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդներից Դավիթ Բեկի արձանի մոտ ասեղով փուչիկներ է պայթեցրել՝ համեմատելով իր այդ գործողությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «ստերը պայթեցնելու հետ»:

«Ես ասեղով տղան եմ, ով ծակելու է Նիկոլի փչած ստի փուչիկները», - ասել է՝ ծակելով մի քանի փուչիկ:

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նա անդրադարձել է Դավիթ Բեկի արձանի մոտ իր ձիով նկարին, ասելով, որ նրանք, ովքեր տեսակետ են շրջանառում են, թե ինքը ծաղրել է Բեկին, «անբարոյական են»:

Ավելի վաղ Մենուա Հարությանյանը Կապանում ձիով շրջելով քարոզարշավ է իրականացրել։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ ոգեշնչվել է Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդներից Դավիթ Բեկի օրինակով, որը նույնպես շրջել է ձիով Սյունիքի բնակավայրերում։

Նա նաև առաջարկել է, որ քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նույնպես ծառայություն իրականացնեն ձիերով։