Ֆրանսիական հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարում լրագրող Պատրիկ Բուատեի հեղինակությամբ լույս է տեսել Արցախին նվիրված 16 էջից բաղկացած հոդվածաշարը:

«Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» խորագիրը կրող հոդվածաշարն Արցախն ընթերցողին ներկայացնում է որպես վանքերով ու այգիներով հարուստ, Հայաստանի մի կտորը հանդիսացող չճանաչված պետություն, որը բաց երկիր է և աշխարհին ցանկանում է ցույց տալ իր ողջ գրավչությունը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում 19-րդ դարասկզբից սկսած Արցախ աշխարհի պատմությանը, ղարաբաղյան հակամարտությանը և դրա կարգավորման գործընթացի որոշ ասպեկտներին, Արցախի պատմամշակութային ժառանգությանը, տնտեսությանը և դրա տարբեր ճյուղերին, մասնավորապես տուրիզմի զարգացմանը, պատերազմի սպառնալիքի տակ Արցախի բնակչության առօրյա կյանքին: Հոդվածագիրը նշում է, որ չնայած անորոշ կարգավիճակին, երկրի տնտեսությունը զարգանում է՝ արձանագրելով տարեկան 10 տոկոս աճ:

«Հայերի համար Արցախը պատմությամբ հագեցած վայր է, ազգային դիմադրության սիրտը, վերջին ամրոցը, որտեղ պատսպարվում էին թշնամու հարձակման ժամանակ, նաև՝ ուխտագնացության վայր, իր վանքերի շնորհիվ (Դադիվանք, Գանձասար), որոնք հայերի պատմամշակութային ժառանգության ամենահիասքանչ նմուշներից են», - նշում է հեղինակը: