Կարևոր է օրենք ու թափանցիկ մեխանիզմներ ունենալը, այլապես մեծ վտանգներ են լինելու. Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը:  

Ըստ նրա՝ առաջինը վտանգը վերադարձվելիք գումարներն են, ունեցվածքը և այլն, որոնք անպայման հետ են բերվելու տարբեր միջազգային ատյաններով, և դա անխուսափելի է: Բացի այդ, ըստ Վիգեն Սարգսյանի, պետք է հասկանալ շատ պարզ բան. 

«Թեև ընտրություններից առաջ շատ զվարճալի է հայտնի մարդկանց փռել ասֆալտին՝ ձեր լեզվամտածողությունը օգտագործելով կամ ծեփել պատին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ երբ որ դա եք անում այդ մակարդակում, թաղային ոստիկանն անպայման գնալու է, ասի՝ այս գարաժն էլ ինձ տուր էլի, ինչ կլինի, համ էլ լավ կնայեմ քեզ, ու անպայման մեկը տալու է գարաժ, բնակարան, մեքենա, ու դրա մասին ձեր օգնականները չեն ասելու, և դուք չեք իմանալու, և դրա համար խնդրում եմ հետևողական ու ուշադիր լինել»,- ասաց նա՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ գլուխ կտրելով կամ ձեռք կտրելով դեռևս ոչ ոք հաջողության չի հասել:

«Երկրներ կան, որտեղ գնդակահարում են, բայց մեկ է՝ կոռուպցիան մնում է»,- ասաց նա:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ոչ գլուխ են կտրել, ոչ ձեռք են կտրել,  ոչ էլ գնդակահարել են և ոչ էլ պատրաստվում են դա անել:

«Ինչ վերաբերում է ասֆալտին փռելուն և պատերին ծեփելուն, ինչպես հայտնի է, այսօր ասֆալտին փռում են բացառապես օրենքով սահմանված կարգով, և դա հայտնի իրողություն է»,- ասաց նա:

«Կուլտուրական»,- հեգնեց Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա օրենսդրությամբ այն հարցերը, որոնք վերաբերվում են հարկային վճարումներին, օրենքը նախատեսում է, որ պետության ունեցած հարկային պարտքը փակվեց, գործը կարճվում է անմիջապես, և նաև վերադարձվում է գույքը օրենքով:

Ըստ նրա՝ այսօր Մանվել Գրիգորյանի 40 միավոր գույք ՀՔԾ-ի միջնորդության հիման վրա ՏԻՄ-երը դիմելու են դատարան և մրցույթի չեղարկման հարցը բարձրացնեն, քանի որ մրցույթ չի եղել: