Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և այլ բնակավայրերում շահառու է ճանաչվել 5 հազար 381 ընտանիք, որոնցից 4 հազար 839 ընտանիքն ապահովվել է բնակարանով 2008-2017թթ-ի իրականացված ծրագրերի հաշվին։ Այդ մասին Գյումրիում՝ կառավարության արտագնա նիստի ժամանակ զեկուցեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։

Ընդհանուր գումարն, ըստ Էլոյանի, կազմել էր 65 միլիարդ դրամ։

«Հայաստանի կառավարության 2018-2022թթ-ի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020թ-ն ավարտին հասցնել մնացած 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտականությունների կատարումը։ 2019թ-ի պետական բյուջեով արդեն նախատեսված է 560 միլիոն դրամ աշխատանքների համար», - ասաց Էլոյանը։