Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր մարդ կարող է հանրահավաք կազմակերպել:

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց դեկտեմբերի 10-ին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաք կազմակերպելու մտադրությանը:

«Հավաքների ազատության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում: Ցանկացած մարդ կարող է կազմակերպել հանրահավաք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և հավաքներ կարող են լինել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կատարվող գործողությունները վենդետա կոչելու խոսակցություններին:

«Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է կոնսպերատիվ գործունեության համար, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Եկեք 2008թ.-ի մարտի 1-ից հետո ու դրանից առաջ մամուլը մոնիթորինգ անենք ու տեսնենք, թե ինչ են գրել, դրանից հետո պարզ կդառնա` դա վենդետա է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը: