Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են նախապատրաստում, որը պետք է երաշխավորի «օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանում»: Այդ մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում:

Ըստ Լավրովի, դա թույլ կտա թափանցիկ դարձնել օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը: Նա հավելել է, որ թեև Հայաստանն ու Վրաստանը բացել են լաբորատորիաները ՌԴ դիվանագետների համար, սակայն այնտեղ ստուգումներ պետք է անցկացնեն մասնագետները, ոչ թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Լավրովը հավելել է նաև, որ ՌԴ-ն ԱՊՀ ցանկացած երկրում մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետ ունի, քան ԱՄՆ-ն, հայտնում է kp.ru-ն:

«Անկասկած, նրանք քանակական առավելություն ունեն: Մենք չենք կարող նույնքան խամաճիկային կազմակերպություններ ստեղծել, ինչպես իրենք: Եվ ճիշտ չէ, որ մենք չենք աշխատում քաղաքական ուժերի հետ ԱՊՀ երկրներում: Աշխատում ենք բոլոր համակարգային ընդդիմադիրների հետ: Ոչ համակարգայինների, ընդհատակյա աշխատողների հետ՝ չենք աշխատում: Հավանաբար, մենք իմունիտետ ենք ձեռք բերել հեղափոխությունների դեմ: Մենք ինքներս մի քանի հեղափոխություն ենք տեսել և ոչ մի երկրի նույնը չենք ցանկանում: Այստեղ փափուկ ուժ է պետք՝ մշակույթի, սպորտի, կրթության զարգացում»,-ասել է Լավրովը: