Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանական, ստանդարտ գործընթաց է, որտեղ ամեն ոք առաջանորդվում է իր շահով, մենք էլ մեր շահերով ենք առաջնորդվելու։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։

«Կարո՞ղ եք ասել՝ ինչ է եղել, որ պետք է նոր բեկում առաջանա։ Ինչ է՝ Ալիևն այլևս զենք չի՞ գնելու։ Սա հիբրիդային պատերազմ է, և թշնամին աշխատում է մեր դեմ։ Մենք մեր հերթին բյուջեում ծախսերի նվազում չունենք, խոսում ենք ռազմաարդյունաբերությանը զարկ տալու մասին։ Այսօրվա դրությամբ ոչ ոք զիջումների չի պատրաստվում, Արցախում այդ հարցը չի էլ քննարկվում։ Այնտեղ փոփոխություններ արդեն եղել են, և դրանք չպիտի ազդեն մեր անվտանգության վրա։ Մենք պետք է հասկանանք, որ նոր մոտեցումները պետք է նպաստեն մեր զարգացմանը։ Ի վերջո, եթե միևնույն պաշտոններում  անընդհատ միևնույն մարդիկ մնան, նոր կադրեր և նոր փրձառություն չի ձևավորվելու»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Բելառուսի նախագահի Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի և անձամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վերջին հայտարարությունները, Թևան Պոսյանն ընդգծեց՝ նրա բառապաշարը հայտնի է բոլորին, սակայն բովանդակային իմաստով Լուկաշենկոն հաջողությամբ օգտագործեց առիթն՝ իր երկրի շահերն առաջ տանելու։

«Նա դա արեց բոլորի հաշվին։ Նա արեց հայտարարություններ՝ ի շահ իրեն և իր երկրի։ Մեր խնդիրն այստեղ մեր արտաքին քաղաքականության վրիպումն է։ Այս երեսուն տարիների ընթացքում մենք չենք հավաքել այն պաշարը, որ նման խնդիրներ չունենանք»,- ասաց բանախոսը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ պետք է անի Հայաստանը՝ խոչընդոտելու Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում չնշանակվելու համար, Պողոսյանը պատասխանեց՝ միակ ճանապարհը բանակցելն է։

Վերջում բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին՝ նշելով, որ եթե չձևավորենք անկախ դատական համակարգ, ցանկացած քաղաքացու համար ունենալու ենք տարակարծություններ։

«Այս ամենը պետք է վերջացնել, ամբողջ պատասխանատվությունը դատական մարմինների վրա է։ Գոնե հայտարարվում է, որ այսօր դատարաններն անկախ են»,- ասաց նա։