«Ներկայումս առկա է շնչառական հիվանդությունների ակտիվացում։ Չհիվանդանալու համար ամենակարևորը կանխարգելիչ գործողություններ են։ Հիվանդ երեխաներին նախևառաջ չի կարելի ուղարկել դպրոցներ և մանկապարտեզներ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի նորածնային բաժնի վարիչ, բգթ Մարի Դարակչյանը։

«Ախտանշանների դեպքում լավ կլինի երեխան մնա տանը, այլապես հիվանդ լինելով՝ կարող է հանդիպել մեկ այլ վիրուսի, ինչն ավելի կբարդացնի վիճակը։ Առհասարակ, հիվանդ երեխան վարակիչ է մյուս երեխաների համար։ Որևէ հատուկ սննդակարգ չկա, որը կօգնի կանխարգելել շնչառական հիվանդությունների զագացումը, սակայն մեծ քանակությամբ հեղուկները կարող են թեթևացնել վիճակը։ Կանխարգելման տեսանկյունից կարևոր է նաև երեխային սովորեցնել ձեռքերն օրվա ընթացքում հաճախակի լվանալ»,- ասաց բժիշկը, գրում է panorama.am-ը։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում խոզագրիպի դեպքեր կա՞ն, Մարի Դարակչյանը նշեց, որ գրիպի վիրուսն ունի բարդություններ առաջացնելու բարձր հավանականություն։

Անդրադառնալով գրիպի դեմ պատվաստումներին՝ բժիշկը նկատեց, որ դրանք էապես օգնում են հիվանդության դեմ պայքարին և պետք է արվեն աշնան սեզոնին։ Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի նորածնային բաժնի վարիչը կարևորեց նաև հիվանդ երեխայի՝ բժշկի հսկողության տակ լինելու հանգամանքը, քանի որ մահացության դեպքերը, որպես կանոն, հետևանք են գրիպի բարդությունների։

Հարցին՝ կարելի՞ է արդյոք գրիպի տարածվածության ներկա մակարդակը համարել համաճարակային, բժիշկը պատասխանեց, որ իր վրա չի կարող նման պատասխանատվություն վերցնել, քանի որ եթե նման բան լիներ, իրենք նախարարության կողմից կտեղեկացվեին։

«Վիճակը կայուն և վերահսկելի է»,- ասաց նա։

Մարի Դարակչյանը խորհուրդ տվեց գրիպի ժամանակ ինքնաբուժմամբ չզբաղվել, առանց բժշկի նշանակման երեխաներին C վիտամին չտալ։ Ինչ վերաբերում է ավանդական մեթոդներով՝ սխտորով, օղու շփումներով բուժումներին՝ նա նշեց, որ դրանց արդյունավետությունը մինչ օրս ապացուցված չէ։

Բժիշկը խոսեց նաև նորածնային հիվանդությունների մասին՝ նշելով, որ Հայաստանում հիվանդ է նորածինների մոտ 8-9 տոկոսը՝ հիմնականում անհաս նորածինները։ Հիվանդությունների բարդությունները կախված են լինում անհասության աստիճանից։

«Նորածնային մահացության առումով Հայաստանը բավական լավ ցուցանիշներ ունի, մահացության տոկոսը բավական ցածր է։ Կարիք ունենք լավ սարքերի և դեղորայքի, քանի որ տեխնոլոգիական զարգացումները թույլ են տալիս ավելի արդյունավետ բուժել նորածիններին»,- ամփոփեց նա։