ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից հունվարի 9-ին ներկայացվել է հերթական միջնորդությունը: Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՔԾ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Փաստաբանների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնական դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար հանրությանը կիրազեկի ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ՝ ներկայացվելիք միջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք»:

Նշենք, որ հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: