Վրաստանում ընթացիկ ձմռանը խոզագրիպից արդեն 15 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային գործակալության ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, դա հաստատվել է լաբորատոր հետազոտություններով:

Վրաստանում ավելացել են նաև գրիպով հիվանդների հոսպիտալացման դեպքերը՝ հասնելով 845-ի: 158 դեպքում հաստատվել է H1N1 գրիպի առկայությունը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության, Վրաստանում գրիպի համաճարակ չկա, սակայն, խորհուրդ է տրվում առաջին իսկ ախտանիշների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Հունվարի 11-ին Հայաստանում H1N1-ով (խոզագրիպ) պայմանավորված մահվան մեկ դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: