Հունվարի 12-ին Գյումրիում ՌԴ ռազմակայանի զորամասերից մեկի մոտ բողոքի ակցիա է անցկացվելու այդ բազայի զինծառայողների հանցագործությունների դեմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Այդ օրը լրանում է 4 տարի այն օրվանից, երբ, ըստ պաշտոնական վարկածի, ժամկետային զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, և կլրանա 40 օր այն օրվանից, երբ պայմանագրային զինծառայող Ռազգիլդյայևի դաժան ծեծից հետո մահացավ աշխատանքի գնացող 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը:

«Հանրության շրջանում արմատացած կասկածներ կան, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների սպանության գործը և՝ չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի վրա իրականացված հարձակման կամ սպանության գործը: Երկու դեպքում էլ կասկածյալները հայտնվել են ռուսական ռազմաբազայի հսկողության տակ և չեն փոխանցվել ՀՀ իրավապահներին՝ հակառակ միջպետական համաձայնագրի պահանջներին: Երկու դեպքում էլ ՀՀ դատախազները այդ խախտումը չեն գնահատել որպես այդպիսին և դրույթները մեկնաբանել են հօգուտ ՌԴ քաղաքացի զինծառայողների: Չեն փարատվել հանրության կասկածներն առ այն, որ երկու դեպքում էլ Հայաստանի իրավապահներն են գտել կասկածյալներին և հանձնել բազայի հրամանատարությանը:

1999թ-ից ի վեր ռուսաստանյան 102 ռազմաբազայի ծառայողների հանցագործությունների պատճառով սպանվել կամ զոհվել են Հայաստանի 12 քաղաքացի և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14 քաղաքացի, բացի այդ զորամասերի տարածքներից դուրս տեղի են ունեցել ՌԴ զինծառայողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի այլ հանցագործություններ»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները մի շարք պահանջներ են ներկայացնելու ՀՀ իշխանություններն և ՌԴ-ին:

Մասնավորապես, ՀՀ իշխանություններից պահանջներից մեկը լինելու է. «հատուկ հսկողություն սահմանել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերակային և գիշերային տեսահսկող խցիկներով»:

ՌԴ իշխանություններից պահանջելու են հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական և առողջական վիճակը, ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը և այլն: