ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադարձել է ՀՀ նախկին իշխանությունների կողմից տարբեր երկրենրում ՀՀ դեսպանների պաշտոններում «արատավոր նշանակումներին»:

Նա մասնավորապես խոսել է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին:

«Ամենախնդրահարույց նշանակումներից մեկը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանինը, ով, ըստ ուկրաինացի դիվանագետների, որոնց հետ առիթ ենք ունցել հանդիպել տարբեր տարիների, զբաղված է եղել ՀՀ-ի դեսպանատան համար դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեական հեղինակություններին վաճառելով կամ նվիրելով», - ասել է Բաբաջանյանը:

Նա հավելել է, որ տեղեկություններ ունի, որ Մանուկյանն իր դիվանագիտական ծառայության ընթացքում սպասարկել է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության, և ոչ ՀՀ-ի շահերը:

«Նա տևական ժամանակ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել այդ երկրում ՌԴ դեսպանի հետ, ում հետ զբաղված է եղել նկարների առքուվաճառքով, դա է պատճառը, որ Մայդանի հայտնի իրադարձություններից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները հասել են այսքան ցածր մակարդակի», - ասել է նա: