ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին ժամը 17։30-ին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց գործով հսկող դատախազ Մուրադյանը։

«Երկու միջնորդությունների քննարկումն էլ ավարտվեց։ Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ»,- ասաց հսկող դատախազը՝ ավելացնելով, չի կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում մանարամասնեց, որ քննիչի՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում իրենք կալանքը գրավով փոխարինելու նոր միջնորդությամբ են հանդես եկել։

«Գումարի չափ չենք սահմանել, թողել ենք դատարանի հայեցողությանը»,- ասաց նա։

Քոչարյանի պաշտպանը նաև ասաց, որ նիստի ընթացքում ավելի քան 15 տեսաերիզ են ներկայացրել, որոնք հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը։