Այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը հայտնել է, որ հանրապետությոնում համաճարակային իրավիճակի որոշակի լարման հետ կապված Զինված ուժերում վերահսկողություն է իրականացվում:

«Վերահսկողությունը մեր անմիջական պարտականությունների մեջ է մտնում և մենք պատրաստ ենք սեզոնային բռնկումներին։ Դրանց պատրաստվում ենք նաև նախօրոք, օրինակ՝ մինչև զորակոչը գրիպի դեմ պատվաստումներ են արվում։ Կարող եմ ասել, որ արդեն ունենք տվյալներ, ըստ որոնց անցած տարվա սեզոնային բռնկումներն ավելի թեթև ենք անցկացրել, հենց այս՝ նախապես արվող պատվաստումների հաշվին», - ասել է Գայանե Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի անցնում 10-15-ից։

«Նրանք անմիջապես մեկուսացվում են, բուժում է իրականացվում ու այդ օջախները կարողանում ենք վերացնել։ Թիվը շատ քիչ է նույնիսկ անցած տարվա համեմատ։ Իրավիճակն ամեն օր դիտարկում ենք, զորամասերից տեղեկություններ ենք հավաքում, վերլուծում և բոլոր կայազորային հոսպիտալներից ունենք պատրաստի խմբեր, որոնք զորամասերով անցնում են ու ներկայացնում են մեզ իրավիճակը», - ասել է Գայանե Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ջրծաղիկին ու թոքաբորբին, ապա այս հիվանդությունների դեպքում ևս, ըստ Ռազմաբժշկական վարչության պետի, բռնկումներ չկան:

«Այս պահին ընդհանուր առմամբ գրանցվել է ջրծաղիկի 32 դեպք, թոքաբորբի դեպքերը ևս քիչ են ու մենք դա չենք կարող բռնկում համարել», - ասել է Գայանե Հովհաննիսյանը։