«Քահանան առաջարկում է երեք նոր առարկա ավելացնել դպրոցում՝ Աստվածաշունչ, գրաբար, սաղմոսաց ուսուցում». Լրագրող Կարինե Հարությունյան
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց հիմա մի քահանա հինգերորդ կոչվող ալիքով մուննաթ է, որ գալիս է: Առիթը կրթության նախարարի և այն քահանայի հետ միջադեպն է: Էʹլ Աստված, էʹլ Մաշտոց, էʹլ հայոց գիր, էʹլ առաքելական եկեղեցուց ծնված դպրոց, էʹլ եսիմ ինչ.... Դպրոցում «Աստվածաշունչ» դասը պիտի մտցնել...
Իսկապես, ի՞նչ գործ ունի քահանան դպրոցում: Բավական չէ՝ եկեղեցու պատմություն են անցնում մի քանի տարի, և դասագրքերը մեկը մյուսի կրկնությունն են, հիմա էլ քահանա մտնի դպրոց, ու դեռ մուննաթով էլ խոսում են, թե՝ ոնց, մե՞ծ բան էր, գնացինք դպրոց, բա պիտի գնանք, բա ոնց:
Եթե որևէ մեկը իր երեխային ուզում է եկեղեցուն ավելի մոտեցնել, դա իր և իր երեխայի իրավունքն է, նրան կարող է հաճախ եկեղեցի տանել, և թող երեխան որոշի, թե որքանով է իրեն հարազատ հոգևորը: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն ուզում:
Ի դեպ, եկեղեցու պատմության դասերի մասին. դասագրքերն այնպիսին են, և ծրագիր ասվածն այնքան է ձգվում, որ երեխան հոգնում է, անգամ հիասթափվում եկեղեցուց:
Ուշադրություն. քահանան առաջարկում է երեք նոր առարկա ավելացնել դպրոցում՝ Աստվածաշունչ, գրաբար, սաղմոսաց ուսուցում: Դե, եթե տարիներ շարունակ մեռելոցների օրերը անաշխատանքային համարվեն, եկեղեցին էլ կմտնի աշխարհիկ դպրոց քարոզով ու սաղմոսներով»: