«Փոքր տնտեսվարողները նշում են, որ իրենց համար չափազանց դժվար է նոր ՀԴՄ-ի համար միանվագ վճարել 160 հազար դրամ»․ Բաբկեն Թունյան
«Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վերջին շրջանում մեծ թվով փոքր տնտեսվարողներ են դիմում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված հարցով, նշում են, որ գինը բավականին բարձր է, և իրենց համար չափազանց դժվար է ՀԴՄ-ի համար միանվագ վճարել 160 հազար դրամ։
Սակայն պարզվում է շատերը չգիտեն, որ կարող են այդ գումարը վճարել ոչ թե միանգամից, այլ 2 տարվա ընթացքում՝ ամսական մոտ 6700 դրամ։
Դրա համար հարկավոր է ընդամենը ՊԵԿ-ում դիմում գրել, և կկազմվի վճարման ժամանակացույց։
Քանի որ իրազեկվածության պակաս կա, առաջարկում եմ այս հնարավորության մասին իրազեկել հնարավորինս մեծ թվով փոքր տնտեսվարողների։
Նաև ՊԵԿ-ին (Դավիդ Անանյան) կառաջարկեի հնարավորության դեպքում համեմատաբար փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ժամանակացույցը սահմանել ոչ թե 2, այլ 3 տարի։ Այդ դեպքում ամսական վճարումը կկազմի մոտ 4500 դրամ, ինչը տանելի բեռ է փոքրերի համար»։