Մոսկվայի կենտրոնում գտնվող Նիկիտսկի բուլվարի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Հրդեհը բռնկվել է Նիկիտսկի բուլվար 12 հասցեում՝ բնակելի շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկում և շատ արագ տարածվել, մի քանի հարկերի միջև կան փայտյա կառուցատարրեր: Հրդեհին բարդության 2-րդ աստիճան է տրվել:

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի-ն, կրակը շատ արագ է տարածվել, ինչի հետևանքով 5-րդ և 6-րդ հարկերի միջև փլուզում է տեղի ունեցել: Ժամը 03։50-ին (երևանյան ժամանակով ժամը 04։50-ին) հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:

Վերջին տվյալներով՝ այրվող տարածքի մակերեսը 2 հազար քառակուսի մետր է: Հաղորդվում է, որ փրկարարներն այրվող տնից 42 մարդու են փրկել, այդ թվում երկու երեխայի:

Նիկիտսկի բուլվար 12 հասցեում գտնվող բնակելի շենքը կառուցվել է 1912թ-ին և համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ: Շենքում կա ավելի քան 100 բնակարան: