Երեկ՝ փետրվարի 3-ին, Իրանի հեռահաղորդակցության հարցերով նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է Իրանի տիեզերական հետազոտությունների պետական կենտրոնում բռնկված հրդեհի մասին, որի հետևանքով 3 գիտնական է մահացել:

Նախարարի խոսքով՝ գիտնականները զոհվել են Տիեզերական հետազոտությունների կենտրոնի կառույցներից մեկում: Նա նաև նշել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է տարվում, որի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Ջահրոմին այս հայտարարությունն արել է Իրանում Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնակատարության ժամանակահատվածում:

Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 2000թ-ին և Իրանի տիեզերական գործակալության հետ միասին համարվում է երկրում տիեզերական հետազոտությունների համար պատասխանատու գլխավոր կազմակերպությունը: