Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում գանձագողության մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել, նրանցից 4-ը բարձրաստիճան ոստիկաններ են, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Նշվում է, որ ժամանակին տարածքում ապրած հայերից մնացած ոսկիները գտնելու նպատակով անօրինական պեղումներ իրականացրած ոստիկանները գործողության ընթացքում օգտագործել են նաև Սիլվանի ոստիկանությանը պատկանող զրահապատ մեքենաները:

Հայտնի է, որ գանձագողերի խումբը դեպքի վայրում հայտնաբերվել ու ձերբակալվել է գործընկերների կողմից, որոնք վաղուց հետևում էին նրանց:

Ձերբակալվածները փորձել են արդարանալ՝ ասելով, որ ցանկանում էին գտնել ահաբեկիչների թաքցրած ոսկիները՝ նկատի ունենալով տարածքում գործող քուրդ զինյալներին: Հարցաքննության ընթացքում, սակայն, պարզ է դարձել, որ ոստիկանները Սիլվանում պեղումներ են իրականացրել հայկական գանձեր գտնելու նպատակով: