Առաջին անգամ Հայաստանում Ձնամարտի առաջնություն կանցկացվի։ Մրցույթը կկայանա փետրվարի 16-ին Ապարան քաղաքում, հայտնում է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում:

«Ճապոնական ծագմամբ այս մարտ-մրցույթը յուրօրինակ հնարավորություն է՝ վայելելու ձմեռն ու ձյունը, ունենալու անմոռանալի ժամանց ընկերների հետ։ Ձնամարտի առաջնությունը խոստանում է թեժ մրցակցություն և անակնկալներ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ խաղի կանոնների ամեն թիմ ունի 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող։ Ամեն խաղակեսը տևում է 3 րոպե։ Հաղթում է նա ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը, կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։

Ամեն խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ։ Մասնակցության արժեքը յուրաքանչյուր թիմի համար՝ 40․000 դրամ: