Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի 2020թ-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով:

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը»,- ասել է նա, հայտնում է Արցախպրեսը:

«Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Բալասանյանը:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012թ-ին նախագահական, ապա և 2015թ-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են:

«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն անկասկած կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- իր խոսքը եզրափակել է Բալասանյանը: