Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք այս պահին ընթացքի մեջ են:

Աշխատանքները հիմնականում իրականացվում են բուժ. կենտրոնի սեփական տնտեսված միջոցների հաշվին. այս պահին հիմնանորոգվում է հիվանդանոցային մասնաշենքի երկրորդ հարկը՝ մասնակի և երրորդ հարկն ամբողջությամբ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Չարենցավանում: Մարզպետը շրջել է բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. այց է կատարել առանձին մասնաշենքում գործող պոլիկլինիկա:

Այս պահին արդեն փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման և լուսավորության համակարգ, պատերի հարդարման աշխատանքներ են իրականացվել: Երկրորդ հարկում կգործի պոլիկլինիկայի մանկական, իսկ երրորդում՝ մեծահասակների սպասարկման բաժանմունքը՝ ամբողջությամբ հիմնանորոգված և լիովին կահավորված: Նախատեսվում է գարնան ավարտին արդեն ունենալ վերջնական բարեկարգված պոլիկլինիկայի հատված, որտեղ կտեղափոխվի գործող պոլիկլինիկան իր ստորաբաժանումներով: Արդյունքում պոլիկլինիկական ու հիվանդանոցային ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ երկու տարբեր մուտքերով:

Հիմնանորոգումից հետո նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ կատարել նաև բակային հատվածում՝ կանոնակարգելու մեքենաների կայանատեղին, մուտքը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների համար սահմանել առանձին մուտքի պայմաններ: