Սևանի շաքարի գործարանի վերագործարկման աշխատանքներն այս պահին դադարեցված են: Այս մասին ասել է «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ բաժնետեր Արմեն Հովհաննիսյանը: Գրում է Tert.am-ը։

«Աշխատանքները ստոպ են տրվել որոշ ժամանակով, բայց լինելու են։

Հիմա գումարային խնդիր կա, հումք չենք կարողանում գնել, դրա համար որոշ ժամանակով դադարեցված է վերագործարկումը»:

Նշենք, որ ձեռնարկությունն արտադրությունը դադարեցրել է 2009թ-ից: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարանը կվերագործարկվի, ինչը նախատեսվում էր 2018թ-ի աշնանը, սակայն մինչ օրս չի վերագործարկվել:

«Շինարարական աշխատանքներն արված են, ամեն բան վերջնականապես արված է, խնդիրը միայն հումքն է: Միայն մնում է՝ հումքը լինի, որ գործարանն աշխատի: Ինձ թվում է` ամռանն է վերագործարկվելու: Գումարի խնդիր է, երբ բանկը գումարը տա, այդ ժամանակ էլ հումք կբերենք, ու գործարանը կաշխատի։ Բանկը (SwissBank) 1.7մլն դոլար գումարի փոխարեն տրամադրել է միայն մեկ միլիոն: Մեկ միլիոնով չենք կարող բավարար հումք բերել, որպեսզի աշխատի գործարանը»,- նշել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ հումքը շաքարեղեգն է, և այն պետք է ներկրվի Բրազիլիայից: Շաքարի հումքը ՀՀ-ում ազատված է մաքսատուրքերից: Առկա է միայն սահմանի վրա ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):

«Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Առաքելյանն էլ նշել է, որ գործարանը մինչև մարտի վերջ վերագործարկվելու է:

Տնօրեն Արմեն Առաքելյանը նշել է, որ շինարարական աշխատանքներ են ընթանում գործարանում, այլ խնդիր չկա․

«Շինարարական, վերականգնողական աշխատանքներ են, ուրիշ խնդիր չկա: Գործարանը մինչև մարտի վերջ աշխատելու է»:

Հիշեցնենք, որ Սևանի շաքարի գործարանն իր գործունեությունը սկսել է 2003թ-ին: Կատարվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005թ-ից ընկերությունը համագործակցություն է սկսել ՎԶԵԲ-ի հետ: Համապատասխան ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից կատարվել է հումքի ներմուծման ֆինանսավորում վճարման 180-270 օր հետաձգման հնարավորությամբ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում: