Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրել «Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող Երևանյան խճուղի 129, 129/1, 129/2, 129/3, 129/4 և Երևանյան խճուղի թիվ 2 արտադրամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:

Բացի այդ, ԴԱՀԿ-ն արգելել է «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործունեություն: Հարկադիր կատարման ծառայությունը «Արմօյլ»-ին պարտավորեցրել է նաև դադարեցնել վերը նշված հասցեներում ընթացող շինարարական աշխատանքները:

ԴԱՀԿ-ն կատարողական վարույթը հարուցել է մարտի 6-ին՝ հիմք ընդունելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Ռիվալ» ՍՊԸ-ն և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը փետրվարի 5-ին «Արմօյլ»-ի դեմ հայցադիմում են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: Եղվարդում «Արմօյլ»-ի կառուցած գործարանի հարևանությամբ է գտնվում «Ռիվալ»-ին պատկանող այգիները, իսկ ընկերությունը զբաղվում է չրերի արտադրությամբ, սուրճի և թեյի մշակմամբ:

«Ռիվալ»-ի և Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փետրվարի 21-ին վարույթ է ընդունել: Նույն օրը դիմումատուն հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով որպես հայցի ապահովման միջոց՝ կիրառել անշարժ գույքի վրա արգելանքը, ցանկացած գործողություն իրականացնել արգելելը և շինաշխատանքների դադարեցում պարտավորեցնելը: Դատարանը բավարարել էր հայցվորի միջնորդությունը և դրա հիման վրա էլ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել և ընդունել նշված որոշումները:

Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վարչական դատարան: Նրա պնդմամբ՝ դատավորի կայացրած որոշումը անօրինական է.

Հիշեցնենք, որ «Արմօյլ»-ի կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի շուրջ արդեն երրորդ տարին է՝ աղմուկը չի դադարում: Հիմնական հարցերը կապված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հետ: Բնապահպանության նախարարությունն ասում է, որ ըստ նախնական գնահատման հայտի՝ «Արմօյլ»-ի կողմից նախատեսվող արտադրությունը դասվել է նավթավերաշմակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների դասին, որն էլ ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին ՀՀ օրենքի՝ ենթակա է փորձաքննության: 2018թ-ի հուլիսին «Արմօյլ»-ը ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար երկու անգամ տեխնիկական փաստաթղթեր է ներկայացրել բնապահպանության նախարարություն, սակայն երկու դեպքում էլ փաստաթղթերը վերադարձվել են լրակազմման:

Հիշեցնենք՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերի 50%-ը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Մյուս կեսի սեփականատերը իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանն է, ով հանդիսանում է ընկերության հիմնադիրը: «Արմօյլ»-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին նույնպես իրանահայ է: