Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նշվում է, որ տուժածները հիվանդանոցում անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ստացել ամբուլատոր բժշկական օգնություն:

Նշենք, որ մարտի 14-ին ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում, 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել էին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանության աշխատակիցը՝ (Ա. Կ. 1992 թվականի ծնված), ստացել է գլխի շրջանի վնասվածք, իսկ մյուս քաղաքացին՝ (Հ. Ս. 1953 թվականի ծնված), գոտկային շրջանի վնասվածք:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարարներից: Մաշտոցի պողոտան արգելափակած Օպերայի հարակից տարածքի սրճարանների 16 աշխատակից բերման է ենթարկվել Կենտրոնի բաժին:

Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եղել է Օպերայի բակում և «Օպերան բոլորինս է» գրությամբ իր աջակցությունն է հայտնել Երևանի քաղաքապետարանին Օպերայի շենքին հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացին: