«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը նախատեսում է վերականգնել թռիչքները հայկական երկնքում այս կամ ամենաուշը գալիք տարվա ընթացքում: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ իրականություն կդառնան հայկական փոխադրողի ակնկալած փոփոխությունները:

Հիշեցնենք, որ ընկերությունը դեռ 2018թ-ի մայիսին դիմել էր նոր կառավարությանը՝ խնդրելով հավասար մրցակցային պայմաններ ստեղծել տեղական շուկայում: Ավելի ուշ օպերատորի սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հրավիրվել էր տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն՝ այդ թեմայով հանդիպման: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն հայտնել է, որ գործադիրից մինչ օրս պատասխան չեն ստացել: Գրում է «Հետք»-ը։

Հիշեցնենք, որ 2018թ-ի ընթացքում Գյումրուց և Երևանից դեպի Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով ու Մոսկվա թռիչքներ կատարած ավիաընկերությունը տարաձայնություններ ունի «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայանների կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ վերջինիս վարած գնային քաղաքականության շուրջ: Խոսքը «Տարոն-Ավիայի» և ռուսական օպերատորների հանդեպ տարբեր գնային մոտեցումների մասին է: Փաստն այն է, որ Գյումրիում բազավորված ընկերությունը մի քանի ամիս տևած գործունեությունից հետո դուրս եկավ մեր շուկայից, և այսօր նույն «Շիրակ» օդանավակայանից օգտվում է միայն «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդան»:

Տարօրինակ է, որ մինչ օրս կառավարությունը լուծում չի տվել տեղական ավիաընկերություն-օդանավակայանի կոնցեսիոներ խնդրին: Փոխարենը տարօրինակ չէ, որ հայ ավիատորները օրերս նամակով դիմել են վարչապետ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ պետությունը քաղավիացիայի ոլորտում առաջնահերթ պետք է կանոնակարգի օրենսդրական, իրավական դաշտը և ապահովի կանխատեսելի, հավասար, մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների և ներդրողների համար: Ավելորդ չէ հիշեցնել, որ այս պահին Հայաստանից կանոնավոր օդային փոխադրումներ է իրականացնում միայն մեկ ավիաընկերություն՝ «Ավիակոմպանիա Արմենիան», որը, սակայն, միայն մեկ օդանավ ունի իր բալանսում:

«Տարոն-Ավիայի» երկրորդ խնդիրը կապված է Ռուսաստանի օդանավակայանների և աերոնավիգացիոն ծառայության հետ: Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Լևոն Քարամյանը հայտնել էր, որ չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են, ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան ու նրանց հանդեպ կիրառում համապատասխան գներ, որոնք բարձր են տեղական փոխադրողներին առաջարկվող գներից: Ըստ հայկական փոխադրողի կոմերցիոն տնօրենի՝ խնդիրը համակարգային է և կապված չէ կոնկրետ օդանավակայանի հետ:

Օդանավակայանների նման քաղաքականություն է վարում նաև «Ռոսավիացիան», որը ՌԴ տարածքում իր մատուցած աերոնավիգացիոն ծառայության դիմաց ոչ տեղական ընկերություններից յուրաքանչյուր 100 կմ-ի համար պահանջում է 95,2 դոլար, այնինչ տեղական փոխադրողները վճարում են մոտ 35 դոլար (2,7 անգամ ավելի էժան): Շեշտենք, որ Հայաստանում աերոնավիգացիոն նույն գներն են գործում թե՛ տեղական, թե՛ ցանկացած այլ երկրի ավիաընկերությունների համար:

«Տարոն-Ավիան» խտրական գնային քաղաքականության հարցով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որն էլ խնդիրը բարձրացրել էր ԵԱՏՀ մրցակցության հարցերով լիազորված դեպարտամենտի առաջ: Որոշվել էր, որ «Տարոն-Ավիան» և ՏՄՊՊՀ-ն փաստաթղթերի փաթեթ կներկայացնեն ԵԱՏՀ:

ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն մանրամասնել է.

«Հանձնաժողովի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵԱՏՄ-ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին: Նման մոտեցման արդյունքում, փաստորեն, ռուսական ավիաընկերությունները կարողանում են մրցակցային լուրջ առավելություն ստանալ հայկական ավիաընկերությունների հանդեպ: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կոնկրետ բողոք ներկայացրած տնտեսվարողի՝«Տարոն-Ավիայի» պարագայում թիրախային համարվող ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները ընկերության համար դառնում են ոչ մրցունակ: Վերջինս կատարում է հավելյալ ծախսեր, ինչն էականորեն ազդում է ավիատոմսի գնագոյացման վրա:

Հանձնաժողովը խնդիրը տևական ժամանակ քննարկել է ԵԱՏՄ գործընկերների հետ՝ նրանց ևս ներգրավվելով գործում՝ խնդրի արագ և ամբողջական կարգավորմանը հասնելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում օրերս սահմանվել է ժամանակացույց՝ առաջիկա 2 տարվա ընթացքում վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները և վերանայել դրանք: Այսինքն՝ ընդունվել է բոլոր անդամ երկրների տարածքում սակագների համահարթեցման միասնական որոշում: Նշենք նաև, որ արդեն իսկ գործնական քայլեր են իրականացվում, և ՌԴ տարածքում գործող երկու օդանավակայաններ վերանայել են իրենց սակագնային քաղաքականությունը, և հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն»:

Լևոն Քարամյանը հայտնել է, որ նշված երկուսից մեկը Ալթայի երկրամասի վարչական կենտրոն Բառնաուլի օդանավակայանն է, սակայն այն «Տարոն-Ավիայի» համար տնտեսապես հետաքրքրություն չի ներկայացնում: Միաժամանակ, ըստ Քարամյանի, համահարթեցման ճանապարհային քարտեզը պիտի կյանքի կոչվի 2019-2020թթ. ընթացքում, այնպես որ հայկական փոխադրողը հույս ունի շուկա վերադառնալ մոտ ապագայում:

Ըստ փոխադրողի կոմերցիոն տնօրենի՝ իրենք լավատես են, որ ԵԱՏՄ ու, մասնավորապես, ՀՀ տարածքում հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն բոլոր ավիաընկերությունների համար:

Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիան» ունի 3 հատ «Boeing 737-500» տիպի ինքնաթիռ, որոնցից երկուսը (EK-73772, EK-73775), Լ. Քարամյանի տեղեկացմամբ, տեխսպասարկման նպատակով այս պահին կայանված են «Կիև» (հայտնի է նաև որպես «Ժուլիանի») օդանավակայանում, իսկ մեկը (EK-73776) վարձակալության է հանձնված Սուդանի «Badr Airlines» ավիաընկերությանը և շահագործվում է: