Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխումը:

«Հայկական կողմը հարց է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միաժամանակ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպանները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ՝ նշելով, որ ձևաչափն անփոփոխ է մնում: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները: Դա լուրջ ազդակ է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դիրքորոշումը գնալով առավել մեծ աջակցություն է ստանում»,- ասվում է Ալիևի՝ Նովրուզի կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձում, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ:

«Հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Լեռնային Ղարաբաղը մեր պատմական հողն է և հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի վրա»,- ասել է Ալիևը: