Facebook կորպորացիան մտադիր է Եվրամիության երկրներում 3 կենտրոն բացել, որտեղ ցանկացողները տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում կսովերեն: Այս մասին ասել է ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, փոխանցում է Reuters-ը։

Այդ կենտրոնները կհայտնվեն Իսպանիայում, Լեհաստանում և Իտալիայում: Ծրագրվում է 2 տարվա ընթացքում այնտեղ կազմակերպել մոտ մեկ մլն մարդու ուսուցում: Հատուկ ուշադրություն կդարձվի տարեցներին, երիտասարդներին և փախստականներին: Սպասվում է, որ ծրագրի մեջ կմտնի մեդիա ոլորտի հետազոտումը և ինտերնետից անվտանգ օգտվելու դասընթացը:

Դրանից բացի, Facebook-ը մտադիր է մոտ 12.2 մլն դոլար ծախսել Ֆրանսիայում իր կառույցի աշխատանքի համար, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի մշակումներով: Սանդբերգն ընդգծել է, որ Facebook-ը ձգտում է միջոցներ ներդնել ինչպես տեխնոլոգիաների զարգացման, այնպես էլ մարդկային պոտենցիալի մեջ:

Վերջին ամիսներին ԵՄ-ում առաջարկներ էին կատարում ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում Facebook-ի վրա լրացուցիչ հարկեր սահմանելու մասին: Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ համաշխարհային թվային շուկայի առաջնորդները օգտվելով եվրոպական օրենսդրության թերություններից՝ զգալիորեն կրճատում են ԵՄ-ին վճարվող իրենց հարկերի ծավալները:

2004 թվականի փետրվարի 4-ին հիմնադրված Facebook-ի ամենամսյա լսարանն անցնում է ամբողջ աշխարհում 2 մլրդ օգտատիրոջից: Նախկինում Ցուկերբերգը բազմիցս ասել է, որ սոցցանցը մտադիր է 2030 թվականին համացանցի օգտատերերի թիվը մինչև 5 մլրդ-ի հասցնել: