Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քննարկումը: Եթե փաստաթուղթն ընդունվի, Իտալիայի կառավարությունը պարտավոր կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և գնահատական տալ 1915թ-ի իրադարձություններին, գրում է Repubblica իտալական պարբերականը:

Նշվում է, որ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի նախաձեռնությունը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը, որի առնչությամբ Թուրքիայում Իտալիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ:

Ըստ իտալացի խորհրդարանականների, Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը կոչված է հավերժացնելու մարդկության դեմ XX դարի առաջին ոճրագործության զոհերի հիշատակը և խթանելու երկխոսությունը հայ և թուրք ժողովրդների միջև: