Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այսպիսով՝ Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Նշենք, որ նրա կալանքի ժամկետը երկարացվել է մարտ ամսին: Մինչ այս, Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքները մակագրվում էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին, և առաջին անգամ է, որ բողոքը քննել է այլ դատավոր, ու փաստորեն նորից համարել, որ Գրիգորյանը պետք է մնա կալանքի տալ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրա, ինչպես նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: