Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 15-22-ը Հայաստանում կանցկացվի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհանես Թումանյանի և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 150 ամյակներին․ այս մասին տեղեկացնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժինը։

ՀԳԱ-ի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002թ-ին և մինչ օրս իր ուրույն տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում. այն կարևորում է գրադարանային հիմնահարցերը, նրանց թիրախավորումը, բարձրաձայնումն ու լուծմանը նպատակաուղղված գործիքների կիրառումը:

ԱԳՇ-ը անուրանալի դեր ունի մշակութային կյանքի համաչափ ձևավորման համատեքստում, քանի որ գիրքն ընթերցելն ու սիրելը, գրքի նկատմամբ հոգատարություն դրսևորելն առաջնային են հոգևոր ու մշակութային դաստիարակության գործում, իսկ «Շաբաթ»-ի միջոցառումները նպաստում են գրադարանների, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հանրության կյանքում գրադարանների նշանակության արժևորմանը, ընթերցող-գրադարան կապի անմիջականությանը:

ԱԳՇ-ի նպատակն է գրադարանների միջև արդյունավետ համագործակցության բարձրացում, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների համար գրադարանային գործի կարևորում, ինչպես նաև գրադարան-հանրություն կապի ամրապնդում: Որպես թիրախային խմբեր առանձնանում են գրադարանային սպասարկման, տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցները, ընթերցողները, մտավորականները…

«Շաբաթ»-ին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները, որոնք նախապես տեղեկացվել են անցկացման ժամկետի, հատուկ անվանական օրերի մասին և ստացել տարվա խորհրդին համապատասխան ձևավորված ազդագիր-պաստառը:

Գրադարաններում այս օրերին կանցկացվեն հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրումներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ...

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Շաբաթ»-ի փակումն ու արդյունքների ամփոփումը: