Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական հանդեսն իր կայքում հրապարակել է մոլորակի ճանաչված ու չճանաչված երկրների ցանկը։ Այդ ցանկում Stratfor-ը ներառել է նաև Արցախը։ Այս մասին տեղեկանում ենք Nouvelles d'Armenie-ից։

«Քանի՞ երկիր կա մոլորակի վրա։ Այս հարցին ճիշտ պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ «երկիր» բառի սահմանները: ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում 195 անկախ պետություն կա, որոնցից 193-ը ՄԱԿ-ի անդամ է, իսկ 2-ը՝ Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդ երկրի կարգավիճակ ունեն»,- գրել է ամերիկյան հանդեսը:

Stratfor-ը գրել է նաև, որ երկրի վրա կան հակամարտության մեջ գտնվող տարածքներ, որոնք մասամբ են ճանաչված:

«Ինչ վերաբերում է երկրներին, որոնք ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված չեն, բայց դե ֆակտո անկախ են, ապա դրանք են Արցախը (Լեռնային Ղարաբաղ), Մերձդնեստրը և Սոմալիլենդը»,- գրել է Stratfor-ը։