Ապրիլի 23-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ նախագծերի փաթեթը:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթով կարգավորվում է նրանց բացահայտման ամբողջ գործընթացը:

Սահմանվել է իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին:

Նախագծով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

«Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջները, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ:

Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունված նախագծերը կհանգեցնեն ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաև կնպաստեն իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը: