Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշվել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման և էլի մի քանի ոլորտների հետ կապված հարցերով։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա հավելել է, որ վերահսկողական գործիքները հնարավորություն են տալիս հաջողություններ գրանցել, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողների դիտարկմանը, թե վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն էր արել՝ ասելով, որ խորհրդարանը լիարժեքորեն չի օգտագործում իր վերահսկողական գործառույթը, Մակունցը պատասխանել է.

«Մենք իրականում ինտենսիվ աշխատում ենք։ Մինչ վարչապետի ասելն էլ մենք պլանավորում էինք սա, վարչապետն էլ տեղյակ է եղել, պարզապես առաջնահերթությունները պետք է սահմանեինք։ Իրականում ես համաձայն եմ, որ այն ներուժը և այն գործիքները, որ ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել»։

Ինչ վերաբերում է Քաղաքացու օրվան, նա տեղեկացրել է, որ ապրիլի 27-ին ինքը կլինի ՀՀ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։ Նա նաև հավելել է, որ լինելու են մարզային քննարկումներ, որոնց կմասնակցեն մարզի բնակիչները։