Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի: Այգու` քաղաքացիների համար բաց հատվածում, պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ:

Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու տունկ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 50-ի:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ խորհրդարանի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնումը խորհրդանշական բնույթ ունի և հավաստումն է երկու երկրների ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. տարբեր ազգերին բնորոշող ծառատեսակներով է հարստանում այգին և հետաքրքիր զբոսավայր դառնում քաղաքացիների համար:

Ազգային ժողովի շենքի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը, ողջունել է նախաձեռնությունը և կարևորել, որ այգին հասանելի է բոլորի համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ խորհրդարանի հիմնական մասնաշենքի հետնամասում Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ տնկված կեչիներն այսօր էլ գեղեցկացնում են այգին: Նրա տեղեկացմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում հիմնել կեչու ծառուղիներ: