Նուբարաշեն վարչական շրջանում 132 երեխայի համար նոր մանկապարտեզ է բացվել. այն կոչվում է «Արևամանուկ» և կառուցվել է բացառապես համայնքային միջոցներով:

Բացման արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրել է, որ նախակրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:

«Քաղաքի կառավարումն ստանձնելու օրվանից ի վեր մենք փորձում ենք բարելավել նախակրթական հաստատությունների պայմանները, ավարտին են հասցվում նախկինում սկսված վերանորոգման աշխատանքները, նորերը սպասում են իրենց հերթին: Մենք արդեն մաս առ մաս ազատում ենք մանկապարտեզների տարածքները տարիներ շարունակ այնտեղ հաստատված, երբեմն անհասկանալի կազմակերպություններից՝ տեղ բացելով մեր երեխաների համար: Դրա շնորհիվ արդեն այս տարի 1000 երեխա ավելի կհաճախի մանկապարտեզ: Մենք նաև հստակեցրել ենք մանկապարտեզի հերթագրման կարգը և ներդրել ենք հերթագրման առցանց համակարգ, որը գործնականում բացառում է ծանոթ-բարեկամով կամ այլ զարտուղի միջոցներով երեխային մանկապարտեզում «տեղավորելու» հնարավորությունը: Մենք նաև շուրջ 20 տոկոսով ավելացրել ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են՝ նախակրթության ոլորտում մեր ուզած արդյունքներին հասնելու համար, բայց ես վստահ եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

«Արևամանուկը» թվով երկրորդ մանկապարտեզն է վարչական շրջանում: Ծնողների խոսքով՝ նախաձեռնությունն անչափ սպասված էր և հրատապ՝ իրագործման տեսակետից:

Մանկապարտեզում կգործի չորս խումբ: Երևանի քաղաքապետը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել փոքրիկների հետ: