Ամբերդ ամրոց-բերդաքաղաք
Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում։
Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել:
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):